Արզական. Նեղուցի վանք

Արզականի կամ Նեղուցի վանական համալիրը գտնվում է գյուղի կենտրոնից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք:

Հիմնական հուշարձանախմբում են Սուրբ Աստվածածին եկեղեցին, կից գավիթը և առանձին փոքր մատուռը:

Եկեղեցուց և գավիթից ճիշտ հարավ մնացել են երկու իրար կից ուղղանկյուն հիմքի փորվածքներ։ Համալիրի հիմնական շինությունները կառուցվել են X-XI դարում:

Անվան ընտրությունը հին ավանդույթի համաձայն երկու հիմքեր ունի. առաջինը՝ Նեղուց, իբրև ջրային նեղուց հիշեցնող ճանապարհ անվանումն է, որը կապում է գյուղը վանքի հետ: Եվ երկրորդ տարբերակը՝ ի նշան վաղքրիստոնեական ճգնավոր Նեղոս (Նեղուց) Ալեքսանդրացու (III դ):

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Արզական գյուղը ունեցել է Արտավազդական, Արտազական, Արտավազդ ապարանք, Արզակյանդ, Արզաքենդ, Արզական անուները։ Գյուղի հիմնադրման ակունքները գնում են պատմության խորքերը՝ մինչև մ.թ.ա. 55-34 թթ Արտավազդ 2-րդ արքայի ժամանակաշրջանը, երբ այս տեղանքի բնությամբ հիացած արքան կառուցել է իր ամառանոցը։ Այն հետագայում ավերվել է, բայց նրա մերձակայքում կառուցված գյուղը երկար ժամանակ կոչվել է Արտազական, որը տարադարձվելով դարձել է Արզական։

Նախկինում եղել է Այրարատ աշխարհի Նիգ գավառում։ Արզականի այժմյան բնակիչների նախնիները 1800-ական թվականներին գաղթել են Մակուից, Խոյից, Բայազետից, մասամբ նաև Մուշից։

Վանակակ համալրի կառուցման և ավիրման մասին տեղեկատվությունը չի պահպամվել: Աշխատանքներ են իրականացվում մատյաններում այն հայտնաբերելու ուղղությամբ:

Ըստ առավել գործածվող վարկածների, վանական համալիրը եղել է ճգնավորության կենտրոններից մեկը, ինչի համար էլ կոչվել Նեղոս (Նեղուց) Ալեքսանդրացու անունով: Մեկ այլ ավանդույթի համաձայն, վանքը շինվել է Հայրապետ կրոնավորի կողմից և վերանորոգվել է Նեղոս Վարդապետի կողմից 1451 թվականին: Վանքը Նեղոսի (Նեղուսի, Նեղուցի) է անվանվել մերձակա ավերակ Նեղուս գյուղի անվամբ, որը հավանաբար կապ ունի նաև վանքը վերանորոգող Նեղոս Վարդապետի անվան հետ:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է X-XI դարերում սրբատաշ բազալտից: Ունի գմբեթավոր սրահի հորինվածք` 4 անկյուններում տեղադրված ավանդատներով: Արևելյան ճակատը մշակված է եռանկյունաձև կտրվածք ունեցող զույգ հայկական խորշերով:ՈՒնի երկու մուտք, որից գործում է միայն մեկը: Եկեղեցին առավել տպավորիչ է դարձնում մուտքի հատվածը, որտեղ հիմնական պատը եզրափակում է հայկական աստղով զարդարված զարդանախշը և սկիզբ տալիս մուտքի խորշանման հատվածին, որն ունի ծաղկաթերթերի նմանվող փորվածքներով զարդարանքներ: Աջ և ձախ կողմում՝ մուտքի բաձրության չափն ունեցող փորվածքներ կան, կիսասրածայր կամարի նմանվող վերջավորությունով:

Գավիթը, որի պատերին պահպանվել են XIIIդ. արձանագրություններ, հատակագծում ուղղանկյունաձև է` չորս ազատ կանգնած սյուներով: Դռան վրայի արձանագրությունը 1271 թվականի է: Ծածկի կենտրոնական մասն ավարտվում է վեց խաչվող կամարների գմբեթով` վեցանկյունի ինքնատիպ բացվածքով: Գավիթն ունի շքեղ ձևավորված երկու մուտք, որոնցից գլխավորը հարավայինն է:

Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի հարավ գտնվում են բազիլիկ եկեղոցու ավերակները: Համալրի գլխավոր կառույցից դեպի հյուսիս-արևմուտք խոնարհված մատուռն է՝ փոքր դամբարանով: Այն շրջապատված է գերեզմանոցով:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Մշակութային բացառիկ նշանակություն ունեն Նեղուցի վանքի երկու հորինվածքները՝ գավիթի գմբեթն ու հարավային մուտքը, ինչպես նաև եկեղոցու մուտքի զարդանախշը: Պատերի փորագրությունները հայ միջնադարյան վիմագրության ինքնատիպ նմուշներն են: Առանձնակի նշանակություն ունեն վանական համալրի տարածքում գտնվող խաչքարները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով