Մարտի ընթերցարան

Կռունկ

Հովհաննես Թումանյան

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

Գարուն

Աթաբեկ Խնկոյան

Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:

Մարտ

Հովհաննես Թումանյան

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Рекламаblob:https://aloyansusanna.edublogs.org/bbf4ee9b-d2ac-44ba-8459-815a725dcdabПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Խխունջ խանում

Ղազարոս Աղայան

Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Տանդ մենակ
Ի՞նչ ես անում:

Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Պոզդ ինչո՞ւ
Դուրս չես հանում:

Ժամացույց 

Աթաբեկ Խնկոյան

Ա՛յ ժամացույց, ժամացույց,
Դու չե՞ս հոգնում խոսելուց.
Մի բերան հա՝ թիկ, հա՝ թակ,
Բա դու չունե՞ս մի տատիկ,
Որ քեզ ասի՝ սո՛ւս արա,
Գլուխներս դու տարար,
Հերի՛ք խոսես ու շարժես
Աչքերդ ճոճանակ,
Քո չափ թե որ ես խոսեմ,
Տատն ինձ կասի չաչանակ։

Ծիածան

Աթաբեկ Խնկոյան

Մթին ամպերից
Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև:
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալ — գոհար դարձան:
Քամին հանդարտեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի:

Անձրևը

Դոնադ Բիսեթ

Երկնքով երկու ամպիկ էին լողում: Մեկի անունը Վտվտիկ էր, մյուսինը՝ Կտկտիկ: Նրանք ապրում էին երկնքում: Ամբողջ օրն իրենց համար էս ու էն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն իր համար շողում էր, թռչունները երգում էին, երեխաները՝ խաղում:
– Վտվտի՛կ, – մի անգամ ասաց Կտկտիկը,– չիջնե՞նք ներքև և բոլորին մի լավ ջրենք:
– Իջնենք, թե չէ պարապ–սարապ թռչելը ձանձրալի է:
Նրանք ցած իջան և թրջեցին գետինը: Մարդիկ սկսեցին դժգոհել:
– Ի ՞նչ թարս եղանակ է,– փնթփնթացին նրանք:– Կարծես դույլերով ջուր թափեն, ա ՜յ քեզ տխուր օր: Ձանձրացրեց այս անձրևը:

– Է՜, եթե մենք նրանց դուր չենք գալիս, արի գնանք այստեղից,– հուսահատվեց Կտկտիկը:
– Թռանք,– համաձայնեց Վտվտիկը:
Նրանք թռան, գնացին: Անձրևը դադարեց: Արևը փայլեց: Բոլորը գոհ էին:
– Հիանալի եղանակ է,– ուրախանում էին բոլորը: Արևն ամեն օր փայլում էր, շոգն օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ ոչ մի կաթիլ անձրև չթափվեց: Խոտերը դեղնեցին և չորացան, ծաղիկները` թոռոմեցին: Ցամաքեցին առուներն ու վտակները: Կովերն առանց խոտ մնացին, սկսեցին կաթ չտալ: Պաղպաղակ պատրաստողը չէր կարողանում կաթ գնել, որպեսզի պաղպաղակ պատրաստեր: Երեխաներն առանց պաղպաղակ մնացին և լաց եղան: Կովերն էլ լաց եղան, բադիկներն էլ, ձիերն էլ, շներն էլ, կատուներն էլ, մայրիկներն էլ, հայրիկներն էլ…

– Ես գիտեմ, թե ինչ պետք է անենք, ասաց ՌՌՌ վագրը:– Բոլորը պետք է իրենց անձրևապաշտպան բաճկոները հագնեն, անձրևանոցները վերցնեն և զբոսանքի գնան: Այդպես էլ արեցին: Մարդիկ  հագան բաճկոնները, բացեցին անձրևանոցները և դուրս եկան փողոց:
Այդ տեսնելով՝ ամպերը շատ զարմացան:

– Ինչո՞ւ են նրանք  բաճկոնները հագել:
– Ինչո՞ւ են  անձրևանոցները բացել:
– Իջնենք, տեսնենք ի՞նչ է եղել:
Նրանք ներքև իջնան, ու նորից հորդ անձրև եկավ:
– Ի՜նչ հաճելի անձրև է,- ուրախացան բոլորը:
– Վերջապես, ա ՛յ լավ օր:
Բոլորը  գոհ էին` և՛ Վտվտիկն ու Կտկտիկը, և՛ երեխաներն ու մեծերը:


Շնորհակալությունը, ներեցեքն ու խնդրեմը

Դոնալդ Բիսեթ

Մի օր Խնդրեմն ու Շնորհակալությունը հանդիպեցին, և ամեն մեկն սկսեց դժգոհել իր բախտից:
– Ոչ մեկը մեզ չի գնահատում և չի հարգում:
Այդ ժամանակ նրանց է միանում Ներեցեքը:
– Ներեցեք, որտե՞ղ է արդարությունը, մյուս բոլոր բառերն հանգիստ ապրում են, իսկ մենք անդադար աշխատում ենք: Մեզ միշտ հիշում են՝ է՛լ շնորհակալություն, է՛լ խնդրեմ, է՛լ ներեցեք,  նույնիսկ չեն թողնում հանգիստ քնենք:
– Շնորհակալություն, բայց արդարություն չկա,– համաձայնեց Շնորհակալությունը,– մեր փողոցում մի կին է ապրում: Նա իր աղջկան միշտ ասում է՝ ասա՛ շնորհակալություն , ասա՛ շնորհակալություն…
Հաստատ գիտեմ՝ մինչև մեծանալը աղջիկը կմոռանա, թե ինչ է «շնորհակալությունը»:
– Ես էլ եմ նույն վիճակում,– հոգոց է հանում Խնդրեմը,– ավտոբուսում, փողոցում միայն լսում ես` փոխանցեք խնդրեմ, մեկ տոմս խնդրեմ: Իհարկե, ես հասկանում եմ, դա քաղաքավարություն է, բայց բոլորովին ուժերս հատել են:
Խնդրեմը խոսելով հետ–հետ գնաց, որպեսզի նստի, բայց պատահմամբ կանգնեց Շնորհակալության մեջքին:
– Վա՜յ, ների՛ր ինձ:
– Հիմա էլ՝ դո՞ւ,– բարկացավ Ներեցեքը,– չե՞ս կարող առանց ինձ յոլա գնալ:
– Ների ՛ր, ես պարտավոր էի ներողություն խնդրել:
– Նորի՞ց, չէ պետք է մի բան անել: Եկեք մի շաբաթով գնանք ծով հանգստանալու: Կլողանաք, կխաղանք և՝ ոչ մի աշխատանք: Թող մեկ շաբաթ մարդիկ առանց մեզ դիմանան: Այդպես էլ արեցին: Իսկ երբ վերադարձան, նույնիսկ ուրախացան, լսելով` ինչպես են բոլորը անդադար կրկնում իրենց անունները:
Եվ կարևորը` նրանք արդեն տեղին էին օգտագործում այդ բառերը, երբ ուզում էին, որ իրենց ներեն, ասում էին` ներեցեք, երբ ուզում էին շնորհակալություն հայտնել, ասում էին՝ շնորհակալ եմ, իսկ երբ ուզում էին քաղաքավարի լինել, ասում էին՝ խնդրեմ: Ընկերներն այժմ նույնիսկ գիրք կարդալու ժամանակ ունեին և ամեն տարի մեկ շաբաթով գնում էին ծով  հանգստանալու:

Ուզում ես, ուզում ես, ուզում ես․․․

Դոնալդ Բիսեթ

Արեւի ճառագայթներն ընկել էին այգու հեռավոր անկյունում աճող ծառին, զեփյուռը խաղում էր նրա ճյուղերի հետ, իսկ տերևները շշնջում էին․

— Ուզում ես, ուզում ես, ուզում ես…

Դա կախարդական ծառ էր։ Բավական էր կանգնել այդ ծառի տակ ու մտքում մի բան ցանկանալ, և այդ ցանկությունը տեղնուտեղը հայտնվում էր։

Իսկ կախարդական ծառից քիչ հեռու գտնվող տանն ապրում էր հաստլիկ մի ծերուկ։ Նրա անունը Ուիլյամ Քեդոգեն Սմիթ էր։ Գյուղի կրպակում նա օճառ էր վաճառում և չէր կարողանում հանդուրժել երեխաներին, տղաներին և նույնիսկ՝ աղջիկներին։

Մի անգամ նա կանգնեց կախարդական ծառի տակ և ասաց․

— Ուզում եմ, որ բոլոր հարևան աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա։

Դեռ խոսքը չէր ավարտել, երբ բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեցին Լուսնի վրա։

Լուսնի վրա ցուրտ էր ու անհրապույր։ Ամենափոքր երեխաները նույնիսկ լաց եղան, բայց մայրիկները շատ հեռու էին, ոչ ոք չկար, որպեսզի նրանց մխիթարեր։

Հենց որ երեխաներն անհետացան, կախարդական ծառի վրա նստած ծռչուններն անմիջապես լռեցին, իսկ կեռնեխը՝ միստր Սմիթի աչքերի մեջ նայելով, ասաց․

— Ուզում եմ, որ բոլոր երեխաները վերադառնան։

Բայց միստր Քեդոգեն Սմիթն ընդհատեց նրան․

— Ոչ, ուզում եմ, որ նրանք մնան Լուսնի վրա։

Կեռնեխը դարձյալ ասաց․

— Ուզում եմ, որ նրանք վերադառնան։

Երեխաները արդեն շփոթվեցին․ նրանք չէին հասկանում, թե որտեղ պետք է լինեն՝ Լուսնի՞, թե՞ Երկրի վրա։

Միստր Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց․

— Ուզում եմ, որ՝…

Բայց դեռ չէր հասցրել խոսքն ավարտել, երբ կեռնեխն ասաց․

— Ուզում եմ, որ միստր Սմիթը դառնա բարի մարդ։

Եվ միստր Սմիթը «Ուզում եմ, որ բոլոր երեխաները մնան Լուսնի վրա» ասելու փոխարեն, հանկարծ միտքը փոխեց, քորեց ծոծրակն ու ասաց․

— Ուզում եմ, որ բոլոր երեխաները այսօր երեկոյան հյուր լինեն ինձ։ Ես նրանց կհյուրասիրեմ թխվածքով, նարնջի դոնդողով և մրգահյութով։ Ես այլևս օճառ չեմ վաճառի։ Փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ։ Եվ ոչ ոքի թույլ չեմ տա, որ ինձ ասեն Ուիլյան Քեդոգեն Սմիթ, թող ուղղակի Սմիթ ասեն… Ուռա, ուռա, ուռա…

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, ու ծառի վրա նորից երգեցին թռչունները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով