Նոյեմբերի ընթերցարան

Մուկն ու կատուն

Մկնիկ, մկնիկ,
Շեկիկ-մեկիկ,
Կատո՜ւն, կատո՜ւն,
Տուտիկ կանի,
Ուտիկ կանի,
Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Տուտիկ կանի,
Ուտիկ կանի,
Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Պահմտոցի 

Դոնալդ Բիսեթ

Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։

Նա թաքնվեց մերթ տների ետևում, մերթ ծխնելույզների ետևում, և շունչը պահած, այնքան նստեց, մինչև Լուսինն անշտապ ու գողունի մոտեցավ ու գտավ նրան։

Երբեմն էլ Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։

Բայց մեկ էլ Արևը ծագեց ու փոխվեց ամեն ինչ։

— Այ, հիմա կստանաս,— ասաց Լուսինը։— Տեսնենք, թե Արևից որտե՞ղ կթաքնվես։

— Երեխաների ետևում,— երբ նրանք դպրոց գնան,— պատասխանեց Մութը։— Ես կդառնամ նրանց ստվերը։

— Ինչ խոսք, որ խելոք ես մտածել,— ասաց Լուսինը։— Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։ Հիմարիկ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արևն անմիջապես կգտնի քեզ։

— Չի գտնի,— պատասխանեց Մութը։— Սպասիր ինքդ կտեսնես, որ չի գտնի։

Բայց Արևն ավելի ու ավելի բարձրացավ երկնակամարի վրա, Մութն այնուամենայնիվ նահանջեց դեպի Երկրի մյուս կողմը ու այնտեղ գիշեր եղավ։ Իսկ այս կողմում Արևի հետ պահմտոցի խաղալու համար մնացին միայն մի քանի փոքրիկ մուգ շերտեր։

Այդ շերտերը շատ ուրախ էին, վազում էին մարդկանց ետևից, վազում էին նույնիսկ կովերի ետևից, իսկ մի քանիսը դարձան թռչունների ստվերներ և նրանց հետ թռչում էին մարգագետիններով։ Բայց ի վերջո, Արևը նրանց բոլորին էլ գտավ, ու մնաց միայն մի մուգ շերտ։

— Քեզ էլ կբռնեմ,— ասաց Արևը։— Որտեղ էլ թաքնվես՝ կբռնեմ։

— Չես կարող,— ասաց մուգ շերտը։— Ես այնպիսի տեղ գիտեմ, ուր ինձ երբեք չես գտնի։ Աչքերդ փակիր ու հաշվիր մինչեւ տասը, իսկ ես կթաքնվեմ։

Արևն անցավ ամպի ետևը եւ հաշվեց մինչև տասը։ Հետո նորից դուրս եկավ։

— Հավանաբար, թաքնվել է մեկնումեկի ետևում ու դարձել նրա ստվերը,— մտածեց Արևը։

Եվ Արևը լուսավորեց բոլոր անկյունները, խորշերը, բայց Մութը կորել էր ու կորել։ Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետև Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։

— Ի՜նչ հաճելի է այստեղ,— մտածեց Մութը։— այլևս դուրս չեմ գա։

Ու այլևս դուրս չեկավ։

Ահա թե ինչու՝ սանդուղքի տակ գտնվող նկուղում միշտ մութ֊մութ է։

Հորանջեցի երեքշաբթի,

Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,

Հինգշաբթի կրկին  քնեցի:

Քնեցի ուրբաթ, շաբաթ,

Ու գործի չգնացի:

_ Կորչի գործը,-ասացի:

Լավ էր՝ արդեն կիրակի

Ամբողջ օրը քնեցի:

Կատուն, որը մուկ էր ուտում

Ջաննի Ռոդարի

Մի պառավ գրադարանային մուկ մի անգամ եկավ այցելելու իր եղբոր երեխաներին:

-Դե դուք բոլորովին կյանքը չգիտեք,- ասում էր նա իր ամոթխած ազգականներին,- իմ կարծիքով, դուք օրինավոր կարդալ անգամ չգիտեք:

-Օ՜, դու մեր մեջ իսկական գլուխ ես,- հառաչեցին նրանք:

-Օրինակ, դուք երբևէ կատու կերե՞լ եք:

-Կատո՞ւ… մեզ մոտ հակառակն է լինում. մեզ մոտ կատուներն են ուտում մկներին:

-Այդ նրանից է, որ դուք տգետ եք: Իսկ, ա՛յ ես, կերել եմ կատու, այն էլ ոչ մի հատ. վրա եմ տալիս մի ծայրից՝ հոպ… պատրաստ է: Իսկ նա ծպտուն անգամ չի համարձակվում հանել: Այ, կուզեք հավատացեք, կուզեք՝ ոչ:

-Իսկ ի՞նչ համ ունեն կատուները:

-Թղթի համ, ու մի-քիչ էլ թանաքի համ կա մեջը: Բայց դա դեռ ի՞նչ էր որ… դատարկ բան… Իսկ այ, շուն դուք երբևիցե կերե՞լ եք:

-Ի՞նչ ես ասում…

-Իսկ ես, ա՛յ, հենց երեկ մեկին վերջ տվի: Մի գամփռ… Նրա ժանիքները իմ չափ էին: Ինձ համար ի՞նչ կա որ. ես նրան հանգիստ, այսպես՝ հոպ… և կերա: Նա ձայն, ծպտուն չհանեց:

-Իսկ շու՞նն ինչ համ ունի:

-Նա էլ թղթի պես է : Դե, իսկ ռնգեղջյուր դուք չե՞ք փորձել:

-Օ՜… դու մեր մեջ մի հատ ես… Դե մենք ի՞նչ ենք որ… մենք ռնգեղջյուր չենք էլ տեսել: Ինչի՞ է նա նման. Ռոկֆոր պանրի՞, թե՞ հոլանդականի:

-Այ թե տգետ եք «… ումն է նման»… Պարզ է՝ ում. իհարկե, ռնգեղջյուրի… Իսկ փիղ կերե՞լ եք, իսկ արքայադուստր կերե՞լ եք… Իսկ Նոր տարվա տոնածա՞ռ՝ իր բոլոր խաղալիքներով:

Եվ հենց այն ժամանակ, երբ մուկը հասավ տոնածառին, կատուն, որ նստած էր հին սնդուկի ետևը և լսում էր մկան դատարկախոսությունը, չդիմացավ, սարսափելի ձայնով մլավեց ու մեկ էլ այնպես ցատկեց… որ… Պետք է ասել, որ դա իսկակա՜ն կատու էր, շքեղ մորթիով, փարթամ բեղերով և երկար, սուր-սուր ճանկերով:

Մկները հենց որ լսեցին կատվի ձայնը, պուկ, փախան: Իսկ գրադարանային մուկը անսպասելիությունից տեղում անշարժացավ և մնաց կանգնած, ինչպես արձան: Կատուն առանց երկար մտածելու, հոպ… ճանկեց նրան: Ճանկեց, բայց միանգամից չկերավ, այլ որոշեց մի-քիչ խաղալ նրա հետ:

-Հա, ուրեմն դու հենց այն մու՞կն ես, որ կատուներ է ուտում,- հարցնում է կատուն:

-Ճիշտ այդպես, ձերդ ողորմածություն, հենց ես եմ: Բայց ախր… ձերդ պայծառափայլություն, պետք է հասկանաք… Համարձակվում եմ զեկուցել ձերդ ողորմածություն, չէ՞ որ ես ողջ կյանքս անց եմ կացրել գրադարանում…

-Հասկանում եմ, հասկանում եմ: Ապրում էիր գրադարանում և զբաղվում էիր նրանով, որ ուտում էիր նկարները և փչացնում գրքերը:

-Օ՜, ձերդ մեծություն, ընդամենը մի քանի անգամ… Եվ հավատացնում եմ ձեզ, ձերդ պայծառափայլություն, միայն և միայն ինքնազարգացման համար:

-Դե իհարկե, ի միջի այլոց ես էլ շատ բարձր եմ գնահատում գրականությունը: Բայց քեզ չի՞ թվում, որ բացի գրքային իմաստությունից կա նաև մի ուրիշ իմաստություն՝ կյանքի իմաստությունը: Քո տարիքում ժամանակն է իմանալու, որ կյանքում կան ոչ միայն թղթի վրա նկարված կատուներ, և ամեն մի փիղ չի համաձայնվի, որ նրան կծեն մկները:

Բայց խեղճ գերու բախտից կատուն մի վայրկյան աչքը դարձրեց դեպի սարդը, որ սողում էր հատակին:
Գրադարանի մուկն էլ հիմար չէր. նա իսկույն նետվեց մի կողմ ու թաքնվեց գրքերի արանքում: Իսկ կատուն ստիպված եղավ այս անգամ բավարարվել միայն սարդով:

Քամին

Հովհաննես Թումանյան

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

Ծիածան

Աթաբեկ Խնկոյան

Մթին ամպերից
Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև:
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալ — գոհար դարձան:
Քամին հանդարտեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի:

Ժամացույց

Աթաբեկ Խնկոյան

Ա՛յ ժամացույց, ժամացույց,
Դու չե՞ս հոգնում խոսելուց.
Մի բերան հա՝ թիկ, հա՝ թակ,
Բա քեզ չունե՞ս մի տատիկ,
Որ քեզ ասի՝ սո՛ւս արա,
Գլուխներս դու տարար,
Հերի՛ք խոսես ու շարժես
Աչքերդ ճոճանակ,
Քո չափ թե որ ես խոսեմ,
Տատն ինձ կասի չաչանակ։

Ճպուռն ու մրջյունը

Աթաբեկ Խնկոյան

Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ,
Էլ ո՞ րը,
Երբ ամեն մի

Թփի տակ

Թե սեղան կար,
Թե օթյակ:
Եկան օրեր
Ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ
Լուռ ու մունջ.
Քաղցած փորին
Էլ ի՜նչ երգ,
Ցուրտը տարավ
Ոտ ու ձեռք:
Զընգր-զընգր
Դողալով,
Ծանր-ծանր
Սողալով
Նա մրջյունին
Ասում էր.
— Գլխիդ մատաղ,
Սանամե՛ր,
Մի ճա՛ր արա
Շունչ առնեմ,
Ցրտից, սովից
Չմեռնեմ:
Կերակրի՛,
Տաքացրու՛,
Մինչև գարուն
Ապրեցրու:
— Ի՜նչ խաբար է,
Սանիկս,
Զարմանում եմ,
Ջանիկս,
Չաշխատեցի՞ր
Ամառը,
Ասա՛, ինչ էր
Պատճառը:
— Էդպես բանի,
Սանամե՛ր,
Էլ ժամանակ
Ո՞ վ ուներ.
Էն խոտերում
Բուրավետ
Երգում էինք
Մերոնց հետ…
— Ուրեմն դու՞ …
— Այո՛, ես
Ողջ ամառը
Դեն ու դես
Երգում էի
Մշտապես:
— Երգո՞ւ մ էիր…
Շատ բարի,
Այժմ էլ բռնի
Վեր-վերի,
Քամին ծափ տա,
Դու պարի՛։

Տեղեկատվական նյութ

Հաց

Հաց բառը առաջացել է եփել, թխել արմատից: Հացը ալյուրից թխած ամենօրյա ուտելիք է: Խմորը պատրաստում են ալյուրով, ջրով ու աղով, երբեմն ավելացնելով շաքար, յուղ, կաթ և այլ մթերքներ։ Հիմնականում օգտագործվում է ցորենի, աշորայի, եգիպտացորենի և գարու ալյուրը։ Հաց ստանալու համար պատրաստի խմորը թխում են, սակայն կան հացի տարբեր տեսակներ, որոնց խմորը տապակում են, շոգեխաշում, անձեթ թավայի վրա օդ թռցնելով տապակում են։ Մարդիկ սկսել են հաց պատրաստել դեռևս երեսուն հազար (30 000) տարի առաջ։ Հայաստանում տարածված հացատեսակներից են կրկենին, լոշը, լիպոշը, բոքոնը, մատնաքաշը, բաղարջը, լավաշը, խորիս հացը։

Լավաշ

Հայաստանում լավաշ հացը հայտնի էր դեռ ավելի քանի երեք հազար տարի առաջ: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը, որտեղ լավաշ էին թխում: Լավաշը նուրբ, երկար, մինչև 70 սմ օվալաձև հաց է: Լավաշը իսկական հայկական հաց է, այն թխում էին միմիայն հայ կանայք: Այն թխում են թրծված, հողի մեջ թաղված հատուկ կավե գլանաձև փոսում, որը կոչվում է թոնիր: Գետնափոր կավե թոնիրը հայկական խոհանոցի առաջին գործիքներից է: Ահա թե ինչպես են թխում լավաշը: Նախ գրտնակում են խմորի գնդերը, դարձնում բարակ խմորի թերթեր և գցում են ձվաձև փափուկ բարձի վրա, որը կոչվում է ռաֆաթա կամ բադադ և խփում թոնրի տաք պատին: Հաշված րոպեներ հետո նրբաթերթ լավաշը պատրաստ է: Լավաշը աշխարհի ամենաերկարաժամկետ պահվող հացն է, այն կարելի է պահել ավելի քան մեկ տարի: Լավաշը կարելի է չորացնել և շատ երկար պահել, իսկ երբ թրջում են ջրով, այն կրկին թարմանում է: Լավաշը բոլոր տոնական սեղանների պարտադիր և գլխավոր զարդն է: Հայկական խոհանոցում կան ազգային ուտեստներ, որոնք ուտում են միայն լավաշով:

Ավանդազրույց «Լավաշի ուժը»

Ըստ ավանդության` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնար, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցեր իր հետ, եթե հաղթեր, ազատ կարձակվեր և յուրայինների մոտ կգնար արքայավայել ընծաներով: Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել: Արամը ստացավ իր զրահը, բայց ասաց, որ սա չի իր ամենագեղեցիկ լանջապանակը, պահանջեց մեկ ուրիշը, և ասորի բանբերները 9 օր շարունակ գնում-գալիս էին` առանց իմանալու, որ իրենց բերած լանջապանակներով ամեն օր մի նրբաթերթ հայկական հաց են հասցնում Արամ արքային:

11-րդ օրը Արամն ու Նոսորը մրցասպարեզ մտան: Նոսորին թվում էր, թե 10 օր սոված մնալով՝ Արամն ուժասպառ է եղել, սակայն հայոց արքան իրեն կայտառ էր զգում: Հայկական հացը նրան ուժ էր տվել, նա հաղթեց մրցության մեջ և տուն վերադարձավ պատվով: Վերադարձավ ու հրովարտակ արձակեց, որ այսուհետ Հայաստանում հաստ ու բազմաձև հացերի փոխարեն լավաշ թխեն: Այդ ժամանակներից ի վեր լավաշը դարձավ հայոց հացերի արքան:

Առած-ասացվածք

  • Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս հվանդ:
  • Անխիղճ մարդը լավաշը երկաթ կդարձնի:
  • Հացի կտրածը թուրը չի կտրի։
  • Հացը գցիր ջարը, ձուկը չիմանա, աստված կիմանա։
  • Աշխատանքը սև է, լավաշը սպիտակ:
  • Լավաշը հացվորին տուր, մի հատ էլ ավել տուր:
  • Մեր պապերը ասել են թոնրի լավաշից ու տիկի պանրից ով որ կշտանա, կնշանակի նա հիվանդ է:
  • Ցորենհաց չկա, կորեկհացն է տեղը բազմել։
  • Բերան կա հաց չկա, հաց կա բերան չկա:
  • Որտեղ հաց, այնտեղ կաց։
  • Բանն ո՞վ անի, —ես ու դու.— հացն ո՞վ ուտի,– ես ու դու:
  • Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա։

Օրհնանքներ

  • Դռներդ միշտ բաց լինի, տաշտներդ միշտ հաց լինի:
  • Աստված մեկդ հազար անի:
  • Առատ տարի, բերքը՝ բարի:
  • Մեկ ցանես, հազար հնձես:

Հանելուկներ

Հողն է մտնում, մահանում,
Հետո նորից կյանք առնում,
Աչքը հառած երկնքին,
Տարածվում է, շատանում: (ցորեն)

Սրի բերան նա ընկավ,
Քարով ճզմվեց, փշրվեց,
Հետո բոցում այրվեց,
Նոր կյանք առած՝ ետ եկավ: (ցորեն)

Ոտքով ջուր է խմում,
Կտուցով ձվեր է հանում: (ցորենի հասկ)

Թաղում ես, ապրում է,
Պահում ես, մեռնում է: (ցորեն)

Սերմը ափով
Շաղ տամ թափով,
Մեռնի տարով,
Ապրի բարով: (ցորեն)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով