Կացին ախպեր

<<Կացին Ախպեր>>

Հովհաննես Թումանյան

Առաջին անգամ տպագրվել է 1907 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Լուսաբեր» դասագրքում (1-ին տարի, էջ 61-62)։ Ապա՝ 1940-1959 թվականին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 142)[1]։Հեքիաթի գրության համար հիմք է ծառայել հայկական ժողովրդական «Փշկո-Նռնո» հեքիաթի երկրորդ հատվածը (էջ 351-352)։Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Լուսաբեր» դասագրքից (2-րդ տարի, 1921 թվական)[1]։

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ՝ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։

— Ախպե՛ր, ասավ, ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։

— Կացինն ի՞նչ բան է,— հարցրին գյուղացիք։

Մարդը իր կացինը գոտկից հանեց փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար.

— Տո՛, եկե ք, տեսե՛ք, կացին ախպերը ինչ արավ։ Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռիցն առան։

Կացինը առան, որ հերթով կոտրեին իրենց փայտը։

Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

— Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։ Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։ Գոռացին.

— Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։

Մտածեցին, մտածեցին, ու վճռեցին տանեն բանտը գցեն:

Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր. գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինք բարձրացավ։

Գյուղացիք սարսափած վագեցին տիրոջ ետևից թե՝ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բան հասկացրու»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով