Դպրոցական փակուղի։ Ջոն Թեյլոր Գատո

Այդ պարգևն ընդունում եմ բոլոր այն հիանալի ուսուցիչների անունից, ում ես գիտեմ,
նրանց, ովքեր տարիներ շարունակ փորձել են երեխաների հետ իրենց հարաբերությունները հարգանքի հիման վրա կառուցել, այն մարդկանց, որ ձեռք բերումից հետո երբեք կանգ չեն առել, միշտ որոնումների մեջ են եղել՝ ձգտելով յուրաքանչյուր փուլում իրենց համար ճշգրտել «կրթություն» հասկացությունը: Տարվա ուսուցիչը եղած ուսուցիչներից լավագույնը չէ.
Լավագույնները համեստ են, նրանց դժվար է հայտնաբերելը: Ես միայն մեկն եմ մարդկանց մեծ խմբի այն ներկայացուցիչներից, որ իրենց կյանքն ուրախությամբ նվիրում են երեխաներին ծառայելուն: Այդ պարգևը հավասարապես նաև նրանց է պատկանում:


1
Մենք ապրում են դպրոցի մեծ ճգնաժամի դարաշրջանում, որը կապված է
հասարակության ավելի մեծ ճգնաժամի հետ: Զարգացած արդյունաբերական տասնինը
երկրների մեջ մեր երկիրը երեխաների կարդալու, գրելու և թվաբանական հմտությունների գծով վերջին տեղերից է զբաղեցնում: Դպրոցը թմրանյութերի յուրացման ամենաշահավետ շուկաներից է: Մեզանում պատանիների ինքնասպանությունների ամենամեծ քանակն է աշխարհում, ընդ որում ավելի շատ տարածված է հարուստ ծնողների երեխաների մեջ, ոչ թե աղքատների: Մանհեթենում ամուսնությունների յոթանասունհինգ տոկոսը լուծվում է հինգ տարվա ընթացքում: Այնպես որ ակնհայտորեն ինչ-որ բան կարգին չէ: Կարծես թե ճգնաժամ
ենք ապրում: Երեխաներն ու ծերերը աննախադեպ ձևով հեռացված են իրական հանրային կյանքից. էլ ոչ մեկը նրանց հետ հաշվի չի նստում, այնինչ առանց առօրյա կյանքում երեխաների և ծերերի իրական մասնակցության հասարակությունը ո՛չ անցյալ կարող է ունենալ, ո՛չ ապագա, միայն անընդհատ ներկա կլինի: Իրականում «հասարակություն» հասկացությունը մեր փոխհարաբերությունների համար քիչ կիրառելի է: Մենք ցանցերում ենք ապրում, ոչ թե հասարակության մեջ, այդ պատճառով էլ բոլորը, ում գիտեմ, միայնակ են:

Դպրոցն այս ողբերգության մեջ առաջնային դեր ունի, այն նաև դասակարգային
տարբերությունների աճին է նպաստում: Դպրոցը որպես ընտրության մեխանիզմ
օգտագործելով՝ մենք կարծես կաստայական հասրակություն կառուցելու ճանապարհով ենք գնում՝ իր անձեռնմխելիներով, մետրոյում մուրացկաններով, փողոցում քնողներով:
Դպրոցում դասավանդելու քսանհինգ տարվա ընթացքում ուշադրություն եմ դարձրել մի
ապշեցնող երևույթի՝ երկրագնդի վրա մեծ իրադարձությունների և ձեռնարկումների հետ
դպրոցներն ու կրթության ամբողջ համակարգը ավելի ու ավելի քիչ կապ են ունենում: Արդեն ոչ մեկը չի հավատում, որ գիտնական պատրաստում են բնագիտական դասարաններում, որ քաղաքագետ դառնում են նրանք, որ լավ են սովորում հասարակագիտական առարկաները, իսկ պոետներ՝ նրանք, որ փայլում են մայրենի լեզվի դասերին: Իրականում դպրոցները ոչ մի բան չեն սովորեցնում, բացի հրամաններին ենթարկվելուց: Որպես ուսուցիչ՝ դպրոցներում աշխատում են հազարավոր բարի, մարդկանց նկատմամբ ոչ անտարբեր մարդիկ, բայց այդ հասարակական ինստիտուտի վերացարկված տրամաբանությունը կլանում է նրանց անձնական ներդրումները: Եվ չնայած որ ուսուցիչները, որպես կանոն, անտարբեր մարդիկ չեն և շատ-շատ են աշխատում, դպրոցական ինստիտուտը ինքնին անբարոյական է: Զանգը տալիս է, և բանաստեղծությամբ տարված երիտասարդը պետք է արագ փակի տետրն ու անցնի մյուս խուցը, որտեղ պետք է իմանա, որ մարդիկ և կապիկները նույն նախնուց են առաջացել:

2

Մասաչուսեթս նահանգում պարտադիր դպրոցական կրթությունը՝ իր ներկա տեսքով,
ձևավորվել է մոտավորապես 1850-ին: Այն հանդիպել է նահանգի բնակիչների մոտ ութսուն տոկոսի դիմադրությանը, երբեմն զինված: Դիմադրության վերջին օջախը Քեյփ-Քոդ (Cape Cod) կղզում Բարնսթեյբլն (Barnstable) էր, որտեղ միայն տասնիներորդ դարի ութսունական թվականներին երեխաներին պահակախմբով ուղարկեցին դպրոց այն բանից հետո, երբ տարածքը գրավեցին ոստիկանական ստորաբաժանումները:

Ահա մտորումների մի հետաքրքիր առիթ: Ոչ այնքան վաղուց սենատոր Էդվարդ Քենեդիի
աշխատախումբը հրապարակեց հաշվետվություն, որտեղ ասվում է, որ նախքան պարտադիր դպրոցական կրթության ներմուծումը նահանգի բնակչության իննսունութ տոկոսը գրագետ էր, իսկ հետո այդ ցուցանիշը ոչ մի անգամ չի գերազանցել իննսունմեկ տոկոսը: Հիմա՝ 1990թ., հենց այդ արդյունքն ունենք:

Հետաքրքիր մի փաստ էլ: Տնային կրթությունն աստիճանաբար հասել է այնպիսի
մակարդակի, որ մոտ մեկ ու կես միլիոն երեխա սովորում է բացարձակապես ծնողների
օգնությամբ: Անցյալ ամիս կրթական մամուլը ցնցող նորություն հրապարակեց. տանը
սովորած երեխաները մտածելու կարողությամբ հինգ կամ նույնիսկ տասը տարով
գերազանցում են իրենց հասակակիցներին, որ պետական կրթություն են ստացել:


3
Չեմ կարծում եմ, թե մոտակա ժամանակներում կազատվենք դպրոցներրից, ամեն
դեպքում իմ կենդանության օրոք դա չի լինի: Բայց եթե բնակչության սրընթաց մեծացող
անգրագիտության վիճակը ցանկանում ենք փոխել, անհրաժեշտ է գիտակցել, որ դպրոցական
համակարգը լավ «վարժեցնում» է, բայց չի «ուսուցանում». ընդ որում սա հենց նրա էությանն է
բնորոշ: Սրա պատճառը վատ ուսուցիչները կամ անբավարար ֆինանսավորումը չեն,
ուղղակի երեխայի կրթությունը և դպրոցական ուսուցումը նույն բանը չեն, և չէին էլ կարող
նույնը լինել:
Գիտնական այրերի կողմից դպրոցական հայեցակարգը մշակվել էր որպես ծրագիր, որի
իրականացումը պետությանը հնարավորություն կտար ղեկավարելու գործիք ունենալ:
Կատարելով սահմանված կանոնները՝ դպրոցները պետք է արտադրեն կարծրատիպով
մարդիկ, որոնց վարքը կանխատեսելի և վերահսկելի է:
Դպրոցներին դա հիմնականում հաջողվում է: Մեր դպրոցների շրջանավարտները,
ինչպես արդեն նշել եմ, անդեմ են հասարակության մեջ, որտեղ մեկուսացվածությունն աճում
է, որտեղ միայն «հաջողակ» մարդիկ կարող են անկախ, ինքնաբավ, վստահ
անհատականություն լինել, քանի որ հասարակության մեջ չկան իրական ուժեր, որոնք
պաշտպանեն կախյալներին և թույլերին: Նրանք կարող են ժապավեն կամ սրիչ վաճառել,
տեղից տեղ թուղթ տեղափոխել և խոսել հեռախոսով, կարող են անիմաստ նստել
համակարգչի թարթող էկրանի առաջ, բայց որպես անհատականություն՝ նրանք կայացած
չեն: Որպես մարդ՝ նրանք անպետք են իրենց և մարդկանց համար։

Կարծում եմ, որ մեզ շրջապատող դժվարությունները մեծ մասամբ կապված են այն բանի
հետ, որ մեր երեխաներին ստիպում ենք մեծանալ անհեթեթության մեջ (ինչպես երեսուն
տարի առաջ ձևակերպել է Փոլ Գուդմանը (Paul Goodman)): Դպրոցական համակարգի
ցանկացած բարեփոխում կբախվի այդ համակարգի անհեթեթությանը:
Ճիշտ ձեր տարիքի և սոցիալական ծագման մարդկանց հետ ազատազրկման մեջ նստելու
պարտադրող համակարգի մաս լինելն անհեթեթ ու հակաբնական է: Այդ համակարգն
արհեստականորեն կտրում է ձեզ կյանքի հսկայական բազմազանությունից,
բազմազանության համագործակցությունից. իրականում կտրում է ձեր անցյալից և
ապագայիցմշտական ներկայում պահելով ձեզ, ինչպես դա անում է հեռուստատեսությունը: Անհեթեթ և հակաբնական է այդքան կարճ երիտասարդության յուրաքանչյուր չկրկնվող օրը զանգի ձայնի համաձայն խցից խուց տեղափոխվելու վրա ծախսելը մի հաստատությունում, որը որևէ անձնական տարածություն չի թույլատրում և նույնիսկ ձեր տան սրբավայրն է ներխուժում պահանջելով, որ կատարեք նրա «տնային
հանձնարարությունը»:
«Հապա ինչպե՞ս նրանք կարդալ սովորեն»,- կհարցնեք, և կպատասխանեմ. «Հիշեք
Մասաչուսեթսի դասերը»: Երբ երեխաներին թույլատրում են ապրել ոչ թե ըստ հասակի
առանձնացված «բանտային» խցերում, այլ ամբողջական կյանքով, նրանք հեշտությամբ
սովորում են կարդալ, գրել և հաշվել, եթե այդ գիտելիքները պահանջում է այն կյանքը, որ
ընթանում է նրանց շուրջը:
Բայց մի´ մոռացեք, որ Միացյալ Նահանգներում կարդալ, գրել ու հաշվել իմացող մարդիկ
հազվադեպ են մեծ հարգանքի արժանանում: Մենք շատախոսների երկիր ենք. խոսողներին
ամենից շատ են վճարում, նրանցով ամենից շատ են հիանում, դրա համար էլ մեր երեխաներն
անընդհատ խոսում ենկրկնօրինակելով հեռուստատեսության և ուսուցիչների ստեղծած կուռքերին: «Հիմունքներ» սովորեցնելն արդեն շատ դժվար է դարձել, քանի որ դրանք արդեն մեր կառուցած հասարակության հիմքերը չեն: 4 Ներկայումս հասարակական երկու ինստիտուտ է վերահսկում մեր երեխաների կյանքը
հեռուստատեսությունը և դպրոցը (հենց այս հերթականությամբ): Նրանք երկուսով
իմաստության, ամրության, զսպվածության և արդարության իրական աշխարհն իջեցնում են
մինչև չընդհատվող անհեթեթություն: Անցած հարյուրամյակներում մանկության և
պատանեկության տարիները իրական աշխատանքի, բարեգործության, իսկական
արկածների և ղեկավարներ փնտրելու ժամանակաշրջան էր, ովքեր կարող էին սովորեցնել
այն, ինչ կյանքում իսկապես պահանջվում էր: Ժամանակի մեծ մասը նվիրվում էր
հասարակական նախաձեռնություններին, կապեր ստեղծելուն, հանդիպումներին, շփվելուն և
կյանքի բոլոր աստիճանները գրավելուն, տունը բարեկարգելու և տարբեր
պարտականություններ կատարելու կարողություններ ձեռք բերելուն, որոնք անհրաժեշտ էին
իսկական տղամարդ կամ կին դառնալուն:
Իսկ ահա, թե միջինում ինչպես են օգտագործում իրենց ժամանակն իմ աշակերտները։

 Շաբաթը կազմող 168 ժամից 56-ը երեխաները քնում են: Այսպիսով մնում է 112 ժամ,
որը կարող են օգտագործել իրենց անձը զարգացնելու համար:
 Վերջին ուսումնասիրությունների արդյունքներով շաբաթվա ընթացքում 55 ժամ
երեխաները հեռուստացույց են դիտում: Այսպիսով զարգացման համար մնում է 57 ժամ:
 Շաբաթական 30 ժամ երեխաներն անցկացնում են դպրոցում, գումարած 8 ժամ, որ
գնում է դպրոցին պատրաստվելու և ճանապարհի վրա, մոտավորապես 7 ժամ էլ ծախսում են տնային աշխատանքները կատարելու համար. ընդամենը 45 ժամ: Այս ամբողջ ընթացքում նրանք մեծահասակների մշտական հսկողության տակ են լինում: Նրանց չի մնում ո´չ անձնական ժամանակ, ո´չ անձնական տարածություն. ավելին՝ եթե նրանք փորձում են ինքնուրույնություն ցուցաբերել և ժամանակը կամ տարածությունն օգտագործել այնպես, ինչպես իրենք են ցանկանում, նրանց պատժում են: · Այսպիսով նրանց մնում է շաբաթական 12 ժամ, որը կարող են օգտագործել իրենց ուզածի նման: Բայց, իհարկե, երեխաները նաև սնվում են, և դրա համար էլ է ժամանակ պետք՝ ոչ շատ, քանի որ կորցրել ենք ընտանեկան ճաշի սովորույթը. ամեն դեպքում, եթե շաբաթական 3 ժամ տանք սնվելուն, ապա յուրաքանչյուր երեխայի մնում է անձնական 9 ժամ: Սա անբավարար է, այնպես չէ՞: Իհարկե, ինչքան ունևոր է ընտանիքը, այնքան քիչ ժամանակ է երեխան հատկացնում հեռուստատեսությանը, բայց դրա փոխարեն նա զբաղված է այլ զվարճալիքներով և այն բնագավառների անխուսափելի մասնավոր դասերով, որոնք հեռու են իր սեփական ընտրությունից: Այս ամբողջ գործունեությունը ընդամենը ավելի փափուկ ճանապարհ է կախյալ էակներ ստանալու, ովքեր չեն կարող ինքնուրույն զբաղեցնել իրենց, իմաստ գտնել և նշանակություն ու ուրախություն տալ իրենց գոյությանը: Կախվածությունը և ոչ նպատակասլացությունը ազգային հիվանդություն են, և, կարծում եմ, որ և´ դպրոցը, և´ հեռուստատեսությունը, և´ դասերը սրա մեջ մեծ ներդրում ունեն: Մտածեք այն երևույթների մասին, որոնք սպանում են մեզ որպես ազգ թմրանյութեր, անիմաստ մրցակցություն, զվարճալի սեքս, բռնություն, մոլեխաղեր, ալկոհոլ և, վերջապես, ամենավատը՝ յուրացնելուն նվիրված կյանք, կուտակելու փիլիսոփայություն. այս բոլորը կախյալ անձի հատկանիշներ են, և անխուսափելիորեն հենց դրանք պետք է վերարտադրի մեր դպրոցական համակարգը:
5
Ցանկանում եմ ներկայացնել, թե ինչպես է մեր երեխաների վրա ազդում այն փաստը, որ
նրանցից խլում են ամբողջ ժամանակը՝ նրանց մեծանալու համար պահանջվող ժամանակը, և ստիպում են այդ ժամանակը ծախսել վերացարկումների վրա: Անհրաժեշտ է, որ սա լսեք, հակառակ դեպքում ցանկացած բարեփոխում, որ այդ իրավիճակը չի փոխի, միայն արտաքուստ կլինի:

  1. Երեխաներին, ում ուսուցանում եմ, չի հետաքրքրում մեծահասակների աշխարհը: Սա
    հակասում է անցած հազարամյակների փորձին: Երիտասարդության սիրած զբաղմունքը
    միշտ է եղել փորձել հասկանալ, թե ինչով են ապրում մեծահասակները, բայց մեր
    ժամանակներում ոչ ոք շահագրգիռ չէ, որ երեխաները մեծանան, և ամենաշատը շահագրգիռ չեն իրենք՝ երեխաները: Եվ ո՞վ կարող է նրանց մեղադրել դրա համար: Ինքներս ենք նրանց համար ստեղծել այս արհեստական աշխարհը:
  2. Երեխաները, ում ուսուցանում եմ, հետաքրքրասիրություն գրեթե չեն ցուցաբերում, իսկ
    եթե ցուցաբերում են, շատ կարճաժամկետ: Նրանք մի բանի վրա, նույնիսկ իրենց ընտրած գործունեության, երկար կենտրոնանալ չեն կարողնում: Գործունեության առարկան մշտապես փոխել ստիպող դպրոցական անընդհատ զանգերի և փախչող ուշադրության այս երևույթի միջև կապ չե՞ք տեսնում:
  3. Երեխաները, ում ուսուցանում եմ, շատ աղոտ պատկերացում ունեն ապագայի մասին,
    այն մասին, որ վաղվա օրը անքակտելի միահյուսված է այսօրվա հետ: Ինչպես արդեն ասել եմ, նրանք ապրում են մշտական ներկայով. նրանց գիտակցության սահմանն ակնթարթն է, որում գտնվում են:
  4. Երեխաները, ում ուսուցանում եմ, հակապատմական են. նրանք պատկերացում չունեն,
    թե ինչպես է անցյալը կանխորոշել իրենց սեփական կյանքը, և դա սահմանափակում է նրանց ընտրության հնարավորությունը, ազդում արժեքների ձևավորման և կյանքի ճանապարհի վրա:
  5. Երեխաները, ում ուսուցանում եմ, դաժան են միմյանց նկատմամբ. նրանք չեն
    կարողանում կարեկից լինել, ծիծաղում են թուլության դրսևորումների վրա, արհամարհում են մարդկանց, որ ակնհայտորեն օգնության կարիք ունեն:
  6. Երեխաներին, ում ուսուցանում եմ, օտար են մտերիմ, անկեղծ հարաբերությունները:
    Նրանք սովոր չեն իսկական անկեղծության, քանի որ իրենց ամբողջ կյանքը թաքցրել են
    հեռուստատեսության կուռքերից կրկնօրինակած արտաքին թաղանթի կամ ի հեճուկս
    ուսուցիչների ծեփած իրենց գաղտնի ներքին «ես»-ի տակ։ Քանի որ նրանք այն չեն, ինչ ցույց են տալիս, իսկ անկեղծ հարաբերությունների ժամանակ այդ գրիմը մաքրվում է, նրանք վախենում են այդպիսի հարաբերություններից` ամեն կերպ խուսափելով դրանցից:
  7. Երեխաները, ում ուսուցանում եմ, պրագմատիկ են. նրանք ընդօրինակում են ամեն ինչ
    քանակապես գնահատող իրենց ուսուցիչներին և հեռուստատեսության կուռքերին, ովքեր ամեն ինչ հանում են վաճառքի:
  8. Երեխաները, ում ուսուցանում եմ, կախյալ են, պասիվ և վախենում են
    անհայտությունից: Այդ երկչոտոտությունը հաճախ ծածկվում է արտաքին խիզախության,
    չարության կամ ագրեսիվության դիմակով, բայց դիմակի տակ վախկոտ դատարկություն է:
    Կարող եմ էլի երևույթներ թվարկել, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել
    դպրոցական բարեփոխում կատարելիս, եթե ազգի հետագա անկումը ցանկանում ենք
    կասեցնել, բայց միտքս, կարծում եմ, արդեն պարզ է, նույնիսկ, եթե համաձայն չեք դրա հետ:
    Այս այլասերումները ծնել են կա´մ դպրոցը, կա´մ հեռուստատեսությունը, կա´մ երկուսը
    միասին: Ամեն ինչ հանգում է պարզ թվաբանության՝ երեխաների ամբողջ ժամանակը
    բաժանված է դպրոցի և հեռուստատեսության միջև: Մեր երեխաներին ուղղակի չի
    բավարարում հասարակական այդ երկու իստիտուտներից ազատ ժամանակը, որպեսզի այն, ինչը չենք հավանում, կարողանար առաջանալ ուրիշ կարևոր պատճառներից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով